Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Դարձյալ անմեղ հայի արյուն է թափվում օտար երկրում

Դարձյալ անմեղ հայի արյուն է թափվում օտար երկրում
21.10.2016 | 00:33

Թվում է, թե հայերը արաբական պատերազմում, մասնավորապես Սիրիայում, ո՛չ տնտեսական, ո՛չ առավել ևս քաղաքական գործոն չեն, նրանք պարզապես ապրում են վարչական մի տարածքում, որը համաշխարհային քաղաքական որոշակի շրջանակների համար սոսկ աշխարհագրական քարտեզ է, որը կամայականորեն գծվել էր դեռևս անցյալ դարի քսանական թվականներին, և հիմա այդ քարտեզը գծողներն ուզում են ուղղել իրենց սխալները:


Ասում եմ՝ կամայականորեն, որովհետև այդ ժամանակ պետք էր մասնատել և վերացնել Օսմանյան կայսրության հուշն անգամ և նրա տարածքում բնակվող ազգերին անկախություն տալով՝ վերջնականապես պետք է ոչնչացվեին կայսրության վերականգնման նկրտումներն ու հեռանկարները:
Քաղաքական այս վերաձևումներից շահեցին արաբները՝ սկուտեղի վրա՝ հետագայում նավթով և դրա բերած ոսկով լի պարկերով ստանալով պետականություն: Մինչդեռ մեզ՝ հայերիս, որ ցեղասպանության էին ենթարկել նույն այդ քաղաքական ուժերի անտարբեր հայացքի առաջ և հայրենազրկել էին, չարժանացրին մեր հայրենիքին. վիլսոնյան Իրավարար վճռով գծեցին մեր հայրենիքի մի մասի վրա պետություն ստեղծելու քարտեզը, բայց այդպես էլ հետամուտ չեղան, որ այն իրականություն դառնա: Եվ մեր ժողովուրդը՝ ցեղասպանության ճիրաններից մազապուրծ, իր գոյությունը շարունակելու համար ապաստան փնտրեց հեռու և մոտ երկրներում, որոնցից մեկն էլ Սիրիայի արաբների հայրենիքն էր:


Արաբական Արևելքի նոր կազմավորված պետություններում, որ դեռ աղքատության ճիրաններից դուրս չէին եկել, հայտնվում են հայերը՝ լլկված, թալանված, հուսահատ ու սարսափած՝ ցեղասպանության ահասարսուռ դեպքերից: Բայց հայի ստեղծագործ ոգին ու միտքը միանում են նրա շինարար ձեռքերին, և հայերը ոտքի են կանգնում՝ իրենց աշխատանքով շենացնելով նաև հյուրընկալող երկիրը: Տարիներ առաջ մի արաբ պատմաբան Հայոց ցեղասպանության՝ կարծեմ 90-ամյակի առիթով իր խորհրդածություններն էր անում: Նա պատմեց, թե ինչպես իրենց ծնողներն ու պապերը, երբ իմացել են, որ հազարավոր հայեր Հալեպի մատույցներում՝ վրաններում ապրող քաղցած, ցնցոտիների մեջ ու հիվանդ սպասում են, որ իրենց քաղաք թողնեն, տրտնջացել են, թե հիմա քաղաքը կլցվի մուրացկաններով, իսկ իրենք հազիվ են իրենց ընտանիքները պահում, ինչպե՞ս պիտի այդքան մուրացիկներին հաց բաժին հանեն: Բայց հետո զարմացել են, որ երբ հայերը Հալեպում ապրելու իրավունք են ստանում, կարճ ժամանակ անց սկսում են աշխատել՝ որն իր արհեստով, որը՝ առևտրով: Հալեպում ոչ մի հայ մուրացկան չեղավ: Հայերը նախ դպրոցներ են կառուցում, ապա եկեղեցի և հասարակական-բարեգործական կազմակերպություններ, վերականգնում են ազգային կուսակցությունները, ստեղծում են մարմնակրթական և ազգային այլ ակումբներ: Հալեպի հայ համայնքը դառնում է գաղթօջախ և ապրում է լիարժեք ազգային կյանքով: Այդ արաբի բնորոշմամբ, եթե Դամասկոսը Սիրիայի քաղաքական մայրաքաղաքն է, ապա նրա տնտեսական մայրաքաղաքը դառնում է Հալեպը, որի կայացման գործում հայերը մեծ ներդրում ունեն:


Այսօր Հալեպը՝ Սիրիայի տնտեսական մայրաքաղաքը, ավերակների է վերածվել: Իսկ հայե՞րը… Հայերը, որ հարյուր տարի տքնաջան աշխատել ու շենացրել են Հալեպը և զավակի նման սիրել են իրենց ապաստան ու հաց վաստակելու և ապահով ապրելու հնարավորություն տված այդ քաղաքը, դարձյալ դարձան գաղթական, ունեզուրկ, հալածական, կորցրին կյանք ու տուն, ունեցվածք ու հարստություն:


Արաբական գարնան սկզբին, երբ ակնհայտ դարձավ արաբական երկրների, ավելի ճիշտ ՝պետությունների կործանման քաղաքական ծրագիրը, այդ երկրների հայերը և Հայաստանի կառավարությունը պետք է հասկանային, որ կրակի ու արյան «իններորդ ալիքը» կհասնի նաև մեր գաղթօջախներին: Հայաստանում քաղաքական որոշ գործիչներ և մտավորականներ անհանգստանում էին Իրաքի, Եգիպտոսի, Սիրիայի և Լիբանանի հայկական գաղթօջախների կյանքի անվտանգության համար: Կոչ էր արվում կազմակերպել հայրենադարձություն, սակայն և՛ Հայաստանի կառավարական-եկեղեցական որոշ գործիչներ, և՛ գաղթօջախների կուսակցական-եկեղեցական երևելիները միաձայն պնդում էին, թե գաղթօջախները պետք է պահպանել: Այդ գաղթօջախները հարուստ էին մշակութային-եկեղեցական-հասարակական-կուսակցական-մարմնակրթական կազմակերպություններով՝ յուրաքանչյուրն իր շենք-շինություններով: Այսօր դրանք գրեթե ավերված են կամ իրենց նշանակությամբ չեն գործում: Մարդկային, նյութական, բարոյական, մշակութային-ազգային հարյուրամյա ներդրումները ի չիք եղան:


Քանիցս տրվել է այս տրամաբանական հարցը. ո՞ւմ և ինչի՞ համար է պետք պահել հայ գաղթօջախները Սիրիայում, Լիբանանում, Մերձավոր Արևելքում և առհասարակ որևէ երկրում, երբ, բարեբախտաբար, ունենք անկախ պետություն, բայց ահռելի մեծության սփյուռքի մարդկային և նրա նույնքան ահռելի կապիտալը չենք կարողանում օգտագործել ի շահ Հայաստան-պետության և մեր ազգի բարեկեցության, ազգային ինքնության պահպանման համար: 1991 թվականից մեր անկախ պետությունն ինքը պետք է կազմակերպեր հայրենադարձություն, այլ ո՛չ հայրենալքություն... Երբ զանգվածային հայրենադարձություն սկսվեր դեպի Հայաստան, հարևան թշնամի պետություններն էլ կզգաստանային՝ տեսնելով հայերի ներուժը: Շատերը կարող են ասել, թե Հայաստանը շրջափակման ու պատերազմի մեջ էր, ինչո՞ւ և ինչպե՞ս կարող էին Հայաստան գալ խաղաղ ու ապահով ապրող սիրիահայերը, լիբանանահայերը, իրաքահայերը և մյուսները:
Աշխարհում ամենաանկայուն բանը քաղաքական անդորրն է և քաղաքական քարտեզը, որի ականատեսն ենք այսօր մի քանի տասնամյակ, ու ամեն բան գլխիվայր շրջվեց: Ո՞Ւր է թվարկված երկրների ապահովությունն ընդհանրապես, իսկ մեր հայրենակիցներինը՝ առավելապես: Մի՞թե սիրիահայերն այսօր պատերազմի, շրջափակման, սովի ու սուգի մեջ չեն: Մինչդեռ հայրենի երկրում ապրելով՝ ամեն հայ իր ներդրումը կաներ Հայաստանի հզորացման գործում, իսկ յուրաքանչյուր հայրենադարձ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կունենար հայրենի պետության մեջ իր իրավունքն ու պարտականությունը լիարժեք վայելելու հաշվեկշիռը: Այդ տարիներին մերձավոր Արևելքի հայությունը ապրում էր նյութապես ապահով, սակայն ութսունականների լիբանանյան դեպքերը պետք է զգաստացնեին բոլորիս առհասարակ, քանի որ արդեն Մերձավոր Արևելքի երկրների քաղաքական քարտեզների ձևափոխումների շուրջ բացահայտ ակնարկներ կային: Իսկ քաղաքական քարտեզների ձևափոխությունները երբեք առանց պատերազմի չեն լինում: Պարզապես մեր թույլ տված վտանգավոր անհեռատեսություն էր՝ գաղթօջախներ պահել քաղաքական հրաբուխի խառնարանի վրա` վտանգելով և՛ սերունդներ, և՛ ազգային-մշակութային արժեքները, և՛ նյութական ներդրումները՝ պատճառ դառնալով կորուստներով լի հետևանքների: Ցավոք, այս էլ քանի դար, մենք չենք կարողանում քաղաքական կանխատեսումներ կատարել: Մեզ չեն սթափեցնում մեր քաղաքական սխալներն ու բացթողումները՝ հայրենիքի կորուստը, նյութական և մշակութային արժեքների ոչնչացումն օտարների կողմից և վերջապես դրանց կորուստը նույն այդ օտար երկրներում ապրելիս:
Հայ իրականության մեջ այսօր գործում են մի քանի համահայկական բարեգործական հզոր կազմակերպություններ՝ ի դեմս ՀԲԸՄ-ի և Հայերի համաշխարհային կոնգրեսի, որոնց գործառույթի գլխավոր թիրախը պետք է լինի Հայաստանի պետության հզորացումը, հայերի ներգաղթի կազմակերպումն ու բարեկեցիկ կյանքի համար հնարավորությունների ստեղծումը Հայաստանում, այլ ոչ թե սփյուռքի «ամրացումը»: Չկա՛ և չի կարող լինել սփյուռքի ամրացում, քանի որ դա նման կլինի Սահարայի ավազների վրա կառուցված քաղաքի:
«Մենք՝ հալեպահայերս, չենք կրնար համոզիլ թե մեր հայրենիքը և աշխարհի բոլո՛ր սփյուռքահայությունը կարողությունը չունեին քանի մը հազար բնակարաններ շինելու և աղետյալ հալեպահայությունը պատսպարելու հայրենիքին մեջ (որուն շինարարական աշխատանքի ժամանակը 6-8 ամիս պիտի ըլլար): Բայց դժբախտաբար… կարողությունը կար, կամեցողությունը չկար…»,- գրում է սփյուռքահայ մտավորականը:


Այո՛, այդ կամեցողությո՞ւնը, թե՞ գիտակցումը չեղավ մեր երկրում, մանավանդ որ նոր բնակարաններ կառուցելու անհրաժեշտությունն էլ չկա. Երևանում մի փոքրիկ քաղաքի չափով նորակառույց շենքեր կան քաղաքի տարբեր թաղամասերում՝ Հյուսիսային պողոտայից սկսյալ: Այդ բազմահարկ, բազմաբնակարան տները մոտ հինգ տարուց ավելի է՝ կառուցվել են, բայց բնակեցված չեն: Իսկ սիրիահայերը երրորդ տարին է՝ Հայաստանում են և վարձակալությամբ են ապրում տարբեր տեղերում՝ վճարելով բավականին բարձր բնակվարձ, և այդ վարձը դառնում է ջուրը գցած մի բան, երբ մանավանդ նրանք բավարար եկամուտ չունեն, մաշվում է այն փոքր դրամագլուխը, որը ոմանք կարողացել են իրենց հետ բերել: Մինչդեռ եթե այդ բազմաբնակարան շենքերի սեփականատերերը բնակարանները տրամադրեին մեր հայրենակիցներին, ապա նրանք մի քանի տարում, երկարատև վարկի սկզբունքով, կմարեին բնակարանի գինը և ստիպված չէին լինի հայրենիքից արտագաղթելու կամ վերջնականապես աղքատանալու: Այս գործարքից կշահեին նաև այդ տների սեփականատերերը:
Ահռելի ներդրումներ կատարած մեր հարուստները հնարավորություն կունենան վերջապես վերադարձնելու իրենց փողը. չմոռանանք, որ այս տարիներին դոլարի տատանումները ևս հարվածել են նրանց կապիտալին: Առանձնապես մեծ տնտեսագետ պետք չէ լինել, որ հասկանան մեր հարուստ սեփականատերերը, որ ներդրած կապիտալը հետ բերելու համար պետք է ապրանքը վաճառել, երբեմն նույնիսկ ակնկալվելիք գերշահույթից, անգամ շահույթից ցածր գնով, քան ամբողջովին կորցնել, քանի որ.
ա) ապրանքը կորցնում է իր ապրանքային տեսքը, հետևաբար նաև որակն ու գինը,
բ) զուտ դոլարային փոխարժեքի տատանումների բերած կորուստները կարող են հանգեցնել կապիտալի մեծ կորուստների կամ սնանկացման:


Իսկ այդ բոլորից առավել կարևոր է բարոյական և ազգային այն գիտակցումը, որ մեր երկրի հզորացումը ուղիղ համեմատական է երկրում բնակիչների թվին: Այլ ճշմարտություն չկա: Չափազանց շատ ենք ուշացել սիրիահայերին ոչ թե նյութական և մանավանդ, այսպես կոչված, պարենային օգնություն հասցնելու գործում, այլ դեպի Հայաստան համազգային ներգաղթ կազմակերպելու հարցում: Օրերս համացանցում հրապարակվեց սփյուռքահայ մտավորական Ոսկան Մխիթարեանի հոդվածը՝ սիրիահայերի ծանր, ողբերգական և անհույս վիճակի մասին: Շատերս ենք սրտի ցավով կիսում հոդվածագրի մտահոգությունները, սակայն ես բնավ համամիտ չեմ այն գաղափարին, թե սիրիահայ գաղութը պետք է պահպանել: Ինչո՞ւ: Ըստ հոդվածագրի. «Որպեսզի աշխարհագրական առումով չհեռանա Արևմտահայաստանեն, այլ արմար ժամանակին կրկին վերադառնա իր երկրորդ հայրենիքը՝ Սուրիա, և հոն մնա որպես պահանջատեր մեր արդար դատին՝ մինչև հատուցում»:


Այս սին գաղափարին զոհ մատուցեցինք մեր հայրենակիցներին, և հարյուր տարում ստեղծած նրանց մարդկային, նյութական, մշակութային արժեքները ոչնչանում են, իսկ հասարակական-եկեղեցական կառույցները վերածվում են ավերակների: Սիրտս ցավում է հալեպահայերի այս ողբալի վիճակի համար. հարյուր տարի առաջ ցեղասպանության զոհերի ժառանգները նորեն հարվածի տակ ընկան և դարձյալ մնացին անպաշտպան:


Հարյուր տարի առաջ չունեինք պետություն, բայց ունեինք մեծահարուստներ, որոնք այդպես էլ չհասկացան, որ հարստությունը. առանց սեփական հայրենիքում պետություն ունենալու, նման է սելավի բերանն ընկած խոտի դեզի. որքան էլ մեծ լինի այդ դեզը, հեղեղը կքշի, կտանի ու կցրի: Եվ ցրվեց այդ հարստությունը, որովհետև չծառայեց հայրենիքին ու ազգին:
Այսօր ունենք և՛ պետություն, և՛ ավելի շատ մեծահարուստներ: Ո՞Ւր են նրանք:
«Մեր խնդիրը այլևս մայր գաղութը պահելը կամ չպահելը չէ: Այս մօտեցումը այլեւս անցեալին կը պատկանի: Հիմա կենաց մահու խնդիր կայ. ինչպէ՞ս կարելի է ժողովուրդին կեանքը փրկել: Ամբողջ ջանքերը այս ուղղութեամբ պէտք է տարուին: Հայ Աւետարանական եկեղեցւոյ նախագահ Յարութիւն Սելիմեան, Հալէպին մէջ, կը դիմադրէ ժողովուրդին հետ: Ան ահազանգ հնչեցուցած է սփիւռքի, պետութիւններու եւ համայնքներու մէջ, բայց ո՞վ կլսե զինք»,- իրավացիորեն և սրտի ցավով գրում է սփյուռքահայ գործիչ Հրաչ Չիլինկերեանը:


Սակայն ցավն այն է, որ արաբական արյունոտ գարնան սկզբից հայ հասարակական որոշ գործիչներ այդպես էլ չհասկացան իրավիճակի ողբերգականությունն ու կործանարար լինելը, և դեռ կան մարդիկ, ովքեր կողմ են պահպանելու Սիրիայի «Մայր գաղութը» և դարձյալ ուզում են մեր հայրենակիցներին մղել Սիրիա, որպեսզի «հանուն գաղութի վերականգնման», թեկուզ և փոքր թվաքանակով, նրանք, բառիս բուն իմաստով, լծվեն ավերված Սիրիայի և հայկական գաղթօջախի վերականգնման դաժան գործին:


Գաղութը մայր լինել չի կարող: Միայն հայրենիքն է, որ արժանի է «Մայր» սուրբ կոչմանը: Մինչդեռ հայրենիք ներգաղթելով՝ նրանք կփրկվեն ֆիզիկական բնաջնջումից, զերծ կմնան նյութական հարստության կորստից:
Այն ջանքերը, որ հայն անտրտունջ և համառորեն պիտի ներդնի օտար երկրներում իր նյութական և հոգևոր բարեկեցությունն ապահովելու համար, եթե տեղափոխվի Հայաստան-հայրենիք և նույն համառությամբ և անտրտունջ աշխատի հայրենիքում, ապա շատ ավելի արդյունավետ կլինի և՛ իր, և՛ հայրենիքի համար:


Հայրենադարձությանն այլընտրանք չկա, սիրելի՛ հայեր: Մնացածը սին գաղափարներ են՝ հստակ և որոշակիորեն կաղապարված հասարակական և հոգևոր առաջնորդների կուսակցական և եկեղեցական շահերով:
Մենք բոլորս ենք պատասխանատու մեր հայրենակիցների՝ մեր ժողովրդի մի հատվածի կյանքը և համայնքային ունեցվածքը պաշտպանելու համար, թեև նյութական ունեցվածքը վերականգնելի է, իսկ մարդկային կյանքերի կորուստն անդառնալի: Մեզ համար յուրաքանչյուր հայի կյանքը շատ թանկ է:


Սթափվել է պետք, ՀՀ կառավարությո՛ւն, Հայո՛ց եկեղեցի՝ ի դեմս զույգ կաթողիկոսությունների, Սփյուռքի ազգային-բարեգործական կառույցնե՛ր, դուք կոչված եք հայապահպանության…
Ավելի իրական հայապահպանություն չկա այսօր, քան սիրիահայերին փրկելն է և նրանց հայրենադարձությունն ապահովելը:


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Հ. Գ. Երբևէ որևէ մեկը հետաքրքրվե՞լ է, թե Երևանի այդ նորակառույց բազմաբնակարան շենքերը ինչու բնակեցված չեն. մի՞թե Երևանում բնակարանի կարիք ունեցողներ չկան: Իսկ գուցե դրանք արդեն վաճառվա՞ծ են ոչ Հայաստանի քաղաքացիներին: Այդ դեպքում պետք է պարզել՝ ովքե՞ր են նրանք:

Դիտվել է՝ 22053

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ